ՔՐԻՍՏԱՓՈՐ ՆԻԿՈՂՈՍԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ


ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ

Քրիստափոր Նիկողոսի Ալավերդյանը ծնվել է 1897թ. Դարալագյազի /այժմ Վայք/ Օղբին գյուղում: Մասնակցել է քաղաքացիական կռիվներին` Բարիկինում և Հյուսիսային Կովկասում: Ծառայել է հայկական դիվիզիայում, հեծյալ գնդի հրամանատարն էր:

Քրիստափոր Ալավերդյանի 113-րդ հրաձգային դիվիզիան գտնվում էր Բրեստ քաղաքի շրջանում, երբ 1941թ. հունիսի լույս 22-ի գիշերը հանկարծակի սկսվեց պատերազմը: Գերմանական զորքերը խոշոր ուժերով հարձակում գործեցին Արևմտյան սահմանների ուղղությամբ: 113-րդ հրաձգային դիվիզիան և հարևան 6-րդ հեծյալ կազակական կորպուսը /հրամանատար գեներալ մայոր Իվան Նիկիտին/ համառ ու արյունահեղ մարտեր մղեցին տեխնիկապես հզոր զինվածությամբ ուխտադրուժ թշնամու դեմ, անտառներում ու ճահճուտներում ոչնչացնում էին զավթիչներին ու նրանց ռազմական տեխնիկան, սողալով մոտեցող մի քանի տասնյակ տանկերը, ինքնաշարժ հրետանին ու ականանետները: Անհավասար մարտերը շարունակվեցին ութ օր ու գիշեր: Թշնամին չէր կարողանում 113-րդ դիվիզիայի և 6-րդ հեծյալ կորպուսի պաշտպանությունը ճեղքել ու առաջանալ: Լրացուցիչ խոշոր ուժեր մոտեցնելով մեծաքանակ ու անդադար հրետակոծությամբ ու գնդակոծությամբ թշնամուն հաջողվեց խրվել երկու զորամասերի մեջ: Ֆաշիստական զորամասերը կրեցին կենդանի ուժի մեծ կորուստներ, սակայն կարմիր բանակի 113-րդ դիվիզիայի և 6-րդ հեծյալ կորպուսի ռազմիկների շարքերը, որոնք մարտնչում էին անձնազոհությամբ, սակավանում էր, յուրաքանչյուր կարմիր բանակային զոհվում էր ոչնչացնելով տասնյակ ու տասնյակ ֆաշիստների, հզոր տանկեր ու զրահապատ մեքենաներ, լռեցնում թշնամու թնդանոթներն ու ականանետերը: Հերոս զինվորները անտառում ծառերի վրա սվիներով փորագրեցին ՚Չենք հանձնվի, բոլորս էլ մահ գերադասեցինքՙ:

Գեներալ Քրիստափոր Ալավերդյանի 113-րդ դիվիզիան հերոսաբար մարտնչեց 18 օր, Ի. Նիկիտինի 6-րդ հեծյալ կորպուսը` 21 օր և չնահանջելով անհավասար պայքարում, մնացին թշնամու շրջապատման մեջ: Գեներալ Ալավերդյանը ծանր վիրավորվեց որովայնից, ստացավ կոնտուզիա, գեներալ Նիկտինը վիրավորվեց երկու ոտքերից ու ձեռքից: Լրիվ շրջապատման մեջ սեղմված օղակում գեներալները և մի քանի մարտիկներ մնում են գերության մեջ:

…Ռազմագերիների համակենտրոնացման ճամբար, խիտ փշալարների մեջ. անասանելի տառապանքներ են կրում: Անկոտրում վոգով օժտված խորհրդային ռազմագերիները  Համելբուրգիր ճամբարում կազմակերպեցին գաղտնի ընդհատակյա խումբ, որի ղեկավարներից մեկը Ք.Ալավերդյանն էր: Հարցաքննությունների ժամանակ դաժանությունների ենթարկելով ֆաշիստները ձգտում էին ընկճել գեներալներ Ալավերդյանին ու Նիկիտինին, սակայն նրանք մնացին անսասան, բարձր պահելով խորհրդային բանակի հրամանատարության արժանապատվությունն ու հայրենասիրական ոգին:

Փոխադրելով Նյուրնբերգի բանտը ու տանջամահ անելով 1942թ. ապրիլին ֆաշիստները գնդակահարեցին անվեհեր գեներալ Քրիստափոր Ալավերդյանին և Իվան Նիկիտինին:

Վայքի շրջանային կենտրոնում կանգնեցված է գեներալ-մայոր Քրիստափոր Ալավերդյանի կիսանդրին, նրա անունով պողոտաներ ու դպրոցներ կան Սյունյաց աշխարհում:

Գեներալ Քրիստափոր Ալավերդյանը անմահ է, անմոռաց` նրա հիշատակը:

Оставьте комментарий