ՀՄԱՅԱԿ ԹԱԴԵՎՈՍԻ ՏԵՐ-ԴԱՎԹՅԱՆ


ԲՐԻԳԱԴԱՅԻՆ ԿՈՄԻՍԱՐ

Հմայակ Տեր-Դավթյանը ծնվել է 1901թ. Կապանի շրջանի Վերին Խոտանան գյուղում աղքատ գյուղացի Թադևոսի ընտանիքում: Հմայակը Թադևոսի երկրորդ տղան էր: Չորս տարեկան էր, երբ մահացավ հայրը: Հմայակը մեծացավ մայրական խնամքի տակ: Նրա մայրը` Ոսկին, ֆիզիկապես առողջ կին էր, սակայն աշխատանք չգտնելով գյուղում, մի քանի տարի հետո տեղափոխվեց Գորիս գավառական քաղաքը: Լվացք անելով, հաց թխելով, կով կթելով, բատրակություն անելով պահեց ու մեծացրեց իր երեխաներին: Հմայակը ընդունվեց քաղաքային դպրոցը, ընդունակ և ուշիմ երեխա էր, բարձր առաջադիմություն էր ցույց տալիս, դարձել էր ուսուցիչների սիրելի աշակերտը:

1918թ. ավարտեց դպրոցը: Հասունանում էր Հմայակը և մասնակցում քաղաքի իրադարձություններին:

Հմայակ Տեր-Դավթյանը վերադարձավ հայրենի Վ.Խոտանան գյուղ, աշխատեց որպես ուսուցիչ: 19 տարեկանում ընդունվեց կոմկուսի շարքերը: Հմայակ Տեր-Դավթյանին նշանակեցին Վերին Խոտանան գյուղի հեղկոմի նախագահ, այնուհետև տեղափոխեցին Կապան և նշանակեցին արտակարգ հանձնաժողովի նախագահ: Աշխատեց նաև կուսշրջկոմում: Հմայակ Տեր-Դավթյանին ուղարկեցին Երևան ռազմաքաղաքական դպրոցում սովորելու, որն ավարտելուց հետո ծառայության է անցնում Հայկական հեծյալ գնդում: Այստեղ ծանոթանում և բարեկամանում է ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետ: Բաղրամյանի միջնորդությամբ Հմայակ Տեր-Դավթյանը մեկնում է Լենինգրադ, սովորում Տոլմաչովի անվան ռազմաքաղաքական ակադեմիայում: 1928թ. ավարտում է ակադեմիան, վերադառնում հայկական դիվիզիա, նշանակվում 2-րդ գնդի կոմիսար: Նա միշտ զորանոցներում էր, մասնակցում էր դաշտային զինավարժական պարապմունքներին: Հարազատացել էր զինվորներին սիրվել նրանց կողմից: Օժտված էր մարդկային լավագույն հատկություններով, սիրում էր զինվորական կյանքը:

Հմայակ Տեր-Դավթյանը նշանակվում է Հայկական հրաձգային դիվիզիայի քաղբաժնի պետ: Երկու տարի հաջողությամբ կատարում է քաղբաժնի պետի պարտականությունները, մեծ հեղինակության հասնում դիվիզիայի և հրամանատարության շրջանում, պարգևատրվում պաշտպանության ժողովրդական կոմիսարի կողմից:

1936թ.  Հմայակ Տեր-Դավթյանին շնորհվում է բրիգադային կոմիսարի բարձր կոչում: Կարմիր բանակի գյխավոր հրամանատարությունը Հմայակ Տեր-Դավթյանին նշանակում է Անդրկովկասյան հետևակային ռազմական դպրոցի և նրան առընթեր ռազմաքաղաքական դասընթացների պետ: Այստեղ սովորում և աճում են Կարմիր բանակի լավագույն շատ հրամանատարներ, երեսունյոթ գեներալներ:

Հովհաննես Բաղրամյանը բարձր է գնահատել իր զինակից Հմայակ Տեր-Դավթյանին, որի մասին գրել է. ՚Կրակի պես վառվում էր նոր օրերի, նոր կյանքի համար: Ես չգիտեմ, թե փոքր կրծքի տակ ինչպիսի մեծ սիրտ ուներ Հմայակը, որտեղ տեղավորվել էր այնքան մեծ սեր, անհուն ջերմություն, որ ուներ նա դեպի մարդը, դեպի հայրենիքը: Հազար-հազար ափսոս, որ նա զոհ դարձավ 1937թ. կամայականություններինՙ:

Նրա մասին որպես զինվորականի ու հրամանատարի, ռազմական գործչի, ռազմական դպրոցի ու ռազմաքաղաքական դասընթացի պետի, բարձր են գնահատում շատ նշանավոր զորապետներ ու պատմաբաններ:

Հմայակ Տեր-Դավթյանը օրինակ հանդիսացավ նաև իր հայրենակիցների համար, շատերը գնացին նրա ուղիով, նրա հայրենի գյուղից հայտնի զորապետներ ու հրամանատարներ դարձան Արտաշես Ղազարյանը, Մուշեղ Կարապետյանը, Ալեքսանդր Անտոնյանը և ուրիշներ:

Հմայակ Տեր-Դավթյանը խոշոր ազդեցություն թողեց հետագա սերնդի վրա, նրա անունը հպարտությւսմբ է հնչում ու հայրենասիրական վեհ սխրանքի կոչում երիտասարդ սերնդին: Նրա աճեցրած ու դաստիարակած զինվորական սերունդը Հայրենական մեծ պատերազմում հրաշքներ գործեց ու ջախջախեց գերմանաֆաշիստական բանակը, ազատագրեց հայրենիքը ֆաշիստական օկուպանտներից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: