ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱՂԱՖՈՆԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ


Ակադեմիկոս

Անուշավան Աղաֆոնի Արզումանյանը ծնվել է 1904թ. Կապանի Կավարտ գյուղում: 1912թ. ընդունվել  և 1918-ին ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը: 1921թ. ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը, աշխատել ուսուցիչ հայրենի գյուղում և մինչև 1928 թվականը կոմերիտական ու կուսակցական աշխատանք կատարել Կապանում, Գորիսում, Երևանում:

1928թ. սովորել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտում, իսկ 1933-35թ. Կարմիր պրոֆեսուրայի ագրարային ինստիտուտում: 1929-1930թթ. աշխատել է Արմավիրի կուսշրջկոմի առաջին քարտուղար, 1930-1933թթ.` ՀԿԿ Կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, 1935-36թթ.` Եղեգնաձորի, ապա` Երևանի Կիրովյան շրջկոմների առաջին քարտուղար:

1937թ. եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր, այնուհետև կատարել պատասխանատու աշխատանքներ ՀԿԿ Կենտկոմում:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Անուշավան Արզումանյանը ռազմաճակատ ուղարկվեց որպես քաղաքական աշխատող և մասնակցեց Կովկասի պաշտպանությանը: Սկզբում թիկունքի քաղ. բաժնի պետի տեղակալն էր, այնուհետև քաղ. բաժնի պետը: Անդրկովկասյան ռազմաճակատի հրամանատարության հատուկ հանձնարարություններով մեկնում է գործող բանակ, ռազմաճակատի տարբեր ուղղություններ:

Հյուսիսային Կովկասի և Սևծովյան զորախմբում կատարում է քաղաքական աշխատանք և ստուգում թիկունքային ծառայությունը:

Անուշավան Արզումանյանին, որպես քաղաքական աշխատողի, հանձնարարվում է ուսումնասիրել և նախապատրաստել հրամանատարության որոշումները Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի ազգային զորամիավորումների վերաբերյալ:

Այնուհետև նա նշանակվել է հրամանատարական աշխատանքի 18-րդ բանակի քաղ/ բաժնում և մասնակցել Նովորոսիյսկի ուղղությամբ մղվող մարտերին:

Անուշավան Արզումանյանը զորամասերում հաճախ էր հանդես գալիս զեկուցումներով ու հաղորդումներով և գաղափարական աշխատանք կազմակերպում, մարտի նախապատրաստում բանակայիններին և հրամանատարներին:

Պատերազմից հետո` 1946-52թթ. աշխատել է Ադրբեջանի պետական համալսարանի պրոռեկտոր` գիտական գծով:

1952թ. նշանակվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի էկոնոմիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ, 1956թ. մինչև 1965թ.` նոր ստեղծված համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն: ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր (1962թ.), ակադեմիայի նախագահության անդամ և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:

Անուշավան Արզումանյանի հասարակական գործունեությունը լայն ընդգրկում ուներ, նա ճանաչված և մեծ հեղինակություն ունեցող գիտնական էր, տնտեսագետ, պարգևատրվել է Լենինի շքանշանով, մի շարք մարտական շքանշաններով ու մեդալներով:

Անուշավան Արզումանյանի անվամբ է կոչվում Կապան քաղաքի N:2 միջնակարգ դպրոցը:

Оставьте комментарий