ԲՈՇՆԱՂՅԱՆ ՊԵՐՃ ՍԵՐԳԵՅԻ


Գնդապետ

Պերճ Բոշնաղյանը Հայաստանի Հանրապետության պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների միության խորհուրդի նախագահն էր, մինչ այդ պատերազմի վետերանների հանրապետական կոմիտեի նախագահն էր, տասնյակ տարիներ ակտիվ մասնակցություն է ցուցաբերել երիտասարդության, աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հայրենանվեր գործին:

Պ. Բոշնաղյանը Սյունիքում, հատկապես Կապանում և Քաջարանում լայն ճանաչում ունի իր երկրաբանական կարևոր ուսումնասիրություններով: Նրա ղեկավարությամբ կատարված երկրաբանական հետախուզական աշխատանքները /կազմված 5 հատորով/ Կապանի հանքային դաշտի ճարտարագիտական-երկրաբանական պայմանների համակողմանի գնահատումը, մինչ այսօր էլ լավագույնս ծառայում է իր մեծ օգտաբերությամբ: Սյունիքի լեռնաշխարհի նշանով շատ մասնագետներ Երևանի պետական համալսարանում ուսանել են վաստակավոր երկրաբան, երկրաբանական-հանքաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Պ. Բոշնաղյանի մոտ:

Կապանում և Քաջարանում իր ստեղծագործ լավագույն տարիների մասին շուրջ կես դար անց չի մոռացել նաև ինքը` Պերճ Բոշնաղյանը:

1941թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ հարձակվեց Խորհրդային միության վրա:

Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի ուսանող Պերճ Բոշնաղյանը ուսանողական մեծ խմբի հետ մեկնեց գործող բանակ պաշտպանելու հայրենիքը: Ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո 1942թ. 89-րդ Հայական հրաձգային դիվիզիայում մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը: Այնուհետև երիտասարդ սպայի մարտական ուղին շարունակվեց մինչև պատերազմի հաղթական ավարտը` 1945թ. մայիսի 9: Լեյտենանտ Պ.Բոշնաղյանը եղել է 390-րդ գնդի ականանետային գումարտակի հրամանատար, շտաբի պետի օգնական օպերատիվ և հետախուզական ծառայության գծով: Մասնակցել է Թամանյան թերակղզու, Ղրիմի , Սևաստոպոլի համար մղված համառ մարտերին:

Կարճատև հանգստից ու անձնակազմի համալրումից հետո դիվիզիան մասնակցել է Լեհաստանի ազատագրման մարտերին և Բեռլինի գրավմանը: Պերճ Բոշնաղյանը վարել է դիվիզիայի 526-րդ և 390-րդ հրաձգային գնդերի շտաբի պետի պաշտոնները:

Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի 3, Կարմիր աստղի 2 շքանշաններով, բազմաթիվ մարտական մեդալներով:

1947թ. 27-ամյա սպան զորացրվել է և շարունակել թերի թողած ուսումը: Մեկ տարի 5-րդ կուրսում սովորելուց, ավարտելուց հետո նշանակվում է դասախոս համալսարանի երկրաբանական ֆակուլտետում: Կես դար աշխատել է պետական համալսարանում սկզբում դասախոսի, այնուհետև` ավագ դասախոսի, դոցենտի, համալսարանի պրոռեկտորի, երկրաբանական ֆակուլտետի դեկանի, ընդհանուր և կիրառական երկրաբանության ամբիոնի վարիչի ու պրոֆեսորի պաշտոններով:

Միաժամանակ զբաղվել է գիտահետազոտական աշխատանքներով, մասնավորապես անկայուն, գերնստող բնահողերի ուսումնասիրմամբ, Կիրովական քաղաքի նոր գլխավոր հատակագծի ճարտարապետական-երկրաբանական հիմնավորմամբ, երկրաշարժի գոտու հետազոտմամբ:

Պերճ Բոշնաղյանին շնորհվել է հանրապետության վաստակավոր երկրաբանի պատվավոր կոչում:

Ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ԱՊՀ շ-ի վետերանական կազմակերպությունների համագործակցության կոորդինացիոն խորհրդի և նախագահության անդամ:

Метки: , ,

Оставьте комментарий