ՎԱՐԴԱԶԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Օրագրից.

1931թ. Զանգեզուրում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո, հաջորդ տարվա գարնանը իմ հայրենի Լեռնաձոր գյուղից 16 ընտանիք տեղափոխվեց շրջանի Տանձավեր գյուղը, որտեղ մի քանի տարի առաջ Շրվենանց գյուղից վերաբնակվել Էին նույնքան՝ 16 ընտանիք։ Նրանց մեջ Էր Վարդազար Գասպարի Պետրոսյանի ընտանիքը: Մենք դարձանք հարևաններ։

Հայրս՝ Աղաբեկ Մարտիրոսյանը և լեռնաձորցի Իվան Սարդարյանը, Շրվենանց գյուղից Մկրտիչ Գևորգյանը Վարդազար Պետրոսյանի հետ չորս տարի 1914-18թթ. զորավար Անդրանիկի կամավորական գնդում մասնակցել են ռուս-թուրքական պատերազմին։ 1919-21թթ. Գարեգին Նժդեհի զինակիցներն են եղել Զանգեզուրում։

Անդրանիկի ու Նժդեհի նախկին զինվորները երեկոները Վարդազարենց կամ մեր տանը զրուցում էին, բացում իրենց չմոռացվող հիշողությունների կծիկը: Մեր տուն հյուր Էր գալիս նաև հորս հին ծանոթ հարևան Աղվանի գյուղից (Տանձաթափցի) Բարսամ Գրիգորյանը, որը նույնպես ռուսական բանակի և Անդրանիկի կամավորական գնդի զինվոր Էր։ Ես միշտ հորս կողքին նստած կլանված լսում Էի նրանց զրույցը։

Վարդազար Պետրոսյանը և Բարսամ Գրիգորյանը եղել են Նժդեհի զորախմբում վաշտապետեր։ Հինգ զրուցակիցներն Էլ հաղթանդամ տղամարդիք Էին, ունեին իրար նման հաստ ու երկար բեխեր և միշտ չսափրված։ Գյուղում վարսավիր չկար և հազվադեպ Էին սափրվում։ ժամանակ չէին ունենում, ամբողջ օրն աշխատում էին նոր ստեղծված կոլտնտեսությունում՝ գութանով ու եզներով վար անում, հանձ անում, կալսում, խոտ հարում, անասուններ պահում, կոլտնտեսությանն օգնում ամեն տեսակի աշխատանքներում։ Իսկ երեկոները քաղցր զրուցում, ծաղիկների բուրումնավետ թեյով հանգստանում ու պատմում անցած գնացած օրերի մասին։ Պատմում Էին կարծես երեկ Է տեղի ունեցել թուրքերի դեմ կռիվը

Անդրանիկի գնդում ու Նժդեհի զորախմբում։ Պատմում Էին հայրենի սուրբ հողը պաշտպանողի հպարտությամբ։

Մի երեկո հարևան գյուղացի Բարսամը ձին նստած դաշտից ուղիղ մեր տուն եկավ։ Մայրս ինձ ուղարկեց հորս կանչելու։ Հայրս ու մեծ եղբայրս գոմատեղում ոչխար Էին մորթում։ Հայրս անմիջապես եկավ։ Տան սրահի անկյունում նստած զրուցում Էին, հայրս ինձ ուղարկեց Վարդազար Պետրոսյանին հայտնելու, որ գա մեր տուն ընթրիքի։ Քիչ հետո եկավ Մկրտիչ Գևորգյանը եղբորս հետ, բերեցին ոչխարի միսը, իսկ Իվան Սարդարյանը այդ օրը մի քիչ ուշ եկավ, դաշտից եզները ուշ բերելու պատճառով։

Հիշում եմ դեռ նոր Էին սկսել զրույցը, երբ Բարսամ Գրիգորյանը վրդովմունքով ասաց, որ այսօր իրեն վիրավորել են, ասել են, թե Տանձաթափ գյուղից տեղափոխվել Է, որ իրեն չաքսորեն։

Վարդազարը անհանգստացավ, բայց անմիջապես հանգստացրեց նրան։

— Բարսամ, ականջ մի դիր, պատասխան մի տուր։ Մենք կռվել ենք թուրքերի դեմ, Զանգեզուրը մաքրել թուրքերից, բայց հիմա մեր կառավարությունը թույլ Է տալիս թուրքերին ապրել ու աշխատել Զանգեզուրում։ Հիմա ուրիշ ժամանակներ են։ Ես նույնպես Շրվենանց գյուղում թողել եմ իմ երկհարկանի մեծ տունը, տեղը, կայքը, հարմարությունը, եկել եմ այստեղ աչքից հեռու մնալու համար։ Բարսամ, կասեն, ինչ արած։

Մի պահ լռություն տիրեց, զրույցը դադարեց։ Իսկ ես անհամբեր սպասում Էի, թե ինչ են ասելու։

Այդ պահին մեծ եղբայրս մտավ սենյակ, բոլորին բարևեց ու երկու մեծ շշերով կարմիր գինի դրեց սեղանին ու ինքն էլ նստեց։ Եղբորս կինը հաց բերեց, ափսեներ բերեց, շարեց երկար սեղանի վրա։ Մյուս եղբայրս, որը վերջերս Էր եկել գյուղ, կոլտնտեսության հաշվապահն Էր։ Մորս հետ միասին մեծ ափսեների մեջ խաշլամա միս դրեցին սեղանին։ Բոլորին հրավիրեց նստել սեղանի շուրջ, ինձ Էլ տեղ տվեց իր կողքին, գովելով, որ դպրոցում շատ լավ եմ սովորում (այդ ժամանակ դպրոցում ՙգերազանց՚-ի փոխարեն դրվում էր ՙշատ լավ՚ գնահատական)։

Ես չեմ պատմի, թե ինչ զրույցներով ու աշխույժով անցավ մեր տանը բացված ուրախ սեղանը այդ երեկոյան, քանի որ այն վերջինը եղավ։

Հաջորդ օրը Վարդազար Պետրոսյանը նստեց իր կարմիր ձին ու գնաց հայրենի Շրվենանց գյուղը իր տունն ու տեղը տեսնելու ու այլևս չվերադարձավ։

Մենք դպրոցականներս, որ հաճախ էինք երեկոները շարված Վարդազարենց գոմի կտուրին, որ տան բակն էր և պատշգամբում դրված գրամաֆոնից լսում երաժշտություն ու երգ, նույնպես վերջինը եղավ, դադարեց։ Իսկ մի օր իմացանք, որ Վարդազար Պետրոսյանին և Բարսամ Գրիգորյանին գիշերով տարել են Գորիսի բանտը։

Գյուղում բերնեբերան անցնում էր զրույցներ, որ նրանք դաշնակցական վաշտապետեր, հակախորհրդային էլեմենտներ, թշնամիներ են, որ պայքարում են Խորհրդային իշխանության դեմ, քայքայիչ աշխատանք   կատարում կոլտնտեսությունում։

Գյուղում տեղի ունեցավ դռնփակ ժողով: Գյուղացիներն իրար հետ ալևս բարձրաձայն չէին խոսում: Մարդիկ սկսեցին իրար չվստահել։

Ես և Վարդազար Պետրոսյանի տղան՝ Արտաշեսը, միասին էինք սովորում։ Մի քանի օր դասի չէր գալիս: Ես գնում էի իրենց տուն, ցույց տալիս դասերի տեղը, միասին սովորում էինք օրվա դասերը։ Մեկ շաբաթից հետո միասին գնացինք դպրոց։ Ուսուցիչ ընկեր Մուշեղը սիրալիդր վերաբերմունք ցույց տվեց և բոլորս ընկանք ընկերության հունի մեջ։ Գյուղի դպրոցը ավարտեցինք և գնացինք Շրվենանց շարունակելու ուսումը։ Ես և Արտաշեսը միասին ապրում էինք իրենց տանը, Արտաշեսի մայրը խնամում էր մեզ։ Այնուհետև ես տեղափոխվեցի Երևան քաղաք սովորելու։ Եղբայրս զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո վերադարձել և աշխատում էր Երևանում։ Ես ապրում էի եղբորս մոտ։

Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Մեկնեցի ռազմաճակատ և վերադարձա 1945թ. ու շարունակեցի ուսումս Երևանում ԲՈՒՀ-ում։

Տեղեկացա, որ Արտաշես Պետրոսյանը ծառայել է Խորհրդային բանակում, ամուսնացել, սակայն, ընտանիքով աքսորվել է Սիբիր։

Երևանում ուսումս ավարտելուց հետո Քաջարան քաղաք մեկնեցի աշխատանքի միջնակարգ դպրոցում, ապա միաժամանակ նշանակվեցի ՙՔաջարան՚ բազմատիրաժ թերթի խմբագիր և նույն տարում ընտրվեցի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի երեք հարյուր կոմունիստ ունեցող կուսկոմիտեի երկրորդ քարտուղար։ Սկսվեց լարված աշխատանքային շրջանը։ Անցավ մի քանի տարի։ Մի օր խմբագրություն մտավ կոմբինատի կոմունալ բնակարանային բաժնի պետ, համագյուղացի Արտաշես Հարությունյանը և ինձ ասաց, որ Վարդազարենց Արտաշեսը ընտանիքով եկել է Քաջարան, արդեն մի քանի օր է աշխատանքի է անցել ՙՔաջարանշին՚ տրեստի շինարարությունում։

— Դու հանդիպե՞լ ես Արտաշեսին։

— Նա ինքն է եկել բնակարանի հարցով։ Ընտանիքով տեղավորվել է հյուրանոցի մի ոչ հարմար սենյակում։ Պայմանավորվեցինք օգնել և ասացի, որ թող հանդիպի ինձ։

Արտաշես Պետրոսյանը ընտանիքով տեղափոխվեց նոր բնակարան և եկավ խմբագրություն։

Անճանաչելի էր, նիհարած, իր տարիքից ավելի մեծի տպավորություն էր թողնում, ընկճված էր. ասաց, որ այժմ ուրախ է և հոգեպես հանգիստ, որ վերադարձել է հայրենիք, հարազատ օջախը։ Եվ պատմեց, որ 1942թ. հոկտեմբերին Կապանի զինկոմիսարիատից զորակոչվել է բանակ, ծառայել 261-րդ դիվիզիայի (45-րդ բանակ) 418-րդ հրետանային գնդում Քանաքեռում, ապա Կիրովականում, 809-րդ հրաձգային գնդում մինչև 1945թ. օգոստոսը, այնուհետև 2309 հաուբեցային հրետգնդում մինչև հոկտեմբեր ամիսը։ 1945թ. հոկտեմբերին զորացրվել է որպես ուսուցիչ և ուղարկվել Կապան։ Աշխատել է Կապանի հանքերի բանավանի և Շրվենանց գյուղի միջնակարգ դպրոցներում մաթեմատիկայի ուսուցիչ մինչև 1949թ։

1949թ. ընտանիքով աքսորվել է Ալտայի մարզ, աշխատել տրակտորիստ, էքսկավատորավար մինչև 1953 թ. և վերադարձել Քաջարան։

Մեր հանդիպման հաջորդ օրը Արտաշեսը տեղափոխվեց պղնձահանքային կոմբինատի բաց հանքի արտադրամաս որպես էքսկավատորավար։ Դա Քաջարանի կոմբինատի ամենաառաջնակարգ աշխատատեղն էր, և մի քանի ամսվա ընթացքում հմուտ էքսկավատորավարի համբավի հասավ։ Հանքի պետ Ֆրունզ Պետրոսյանը նրա մասին մեծ գովասանքով էր արտահայտվում։

Այդ օրերին կոմբինատը ստացավ չեխական արտադրության նոր տիպի հզոր էքսկավատորներ: Հարկավոր էր հավաքել և գործի գցել նոր տիպի hզոր էքսկավատորները։ Արտաշես Պետրոսյանը նշանակվեց բրիգադավար և կարճ ժամանակում ճշգրտությամբ կատարեց հավաքման բարդ առաջադրանքը և առաջինը նստեց նոր էքսկավատորի ղեկին։

Արտադրական խորհրդակցություններում և ժողովներում նրա անունն էր հնչում, նրա մասին գրվեց ՙՔաջարան՚ թերթում, հանրապետական մամուլում, նրա անունը մտցվեց գունավոր մետալուրգիայի առաջավորների պատվավոր գրքում։

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքի կուսկազմակերպության քարտուղար Արծրունի Մարգարյանի հետ շրջում էի տեղամասերում, զրույցի ժամանակ նա դիմեց ինձ.

— էքսկավատորավար Արտաշես Պետրոսյանին հնարավո՞ր է ընդունել կուսակցության շարքերը,- և ավելացրեց,- աքսորված է եղել, նրա հայրը …

— Ուզում ես ասել վաշտապե՞տ է եղել։

Կուսկազմակերպության քարտուղար Ա.  Մարգարյանը այնուհետև ասաց.

— Ես կասկածում ու վախենում էի։ Իմ հայրն էլ է եղել վաշտապետ, աքսորվել ու գնդակահարվել է։ Այդ հանգամանքը կարող էր օգտագործվել իմ դեմ։

— Արտաշես Պետրոսյանը եթե դիմել է ձեզ, ապա ես անպայման երաշխավորություն կտամ և կմասնակցեմ հանքի կազմակերպության ժողովին։

Այդպես էլ արեցինք։ Կոմբինատի կուսկոմիտեում միաձայն հաստատվեց հանքի կազմակերպության որոշումը Արտաշես Վարդազարի Պետրոսյանին կոմկուսի շարքերը ընդունելու մասին։ Կուսկոմիտեի առաջին քարտուղար Խիկար Գևորգյանը ինձ հանձնարարեց Արտաշես Պետրոսյանի հետ մեկնել Կապան և մասնակցել կուսշրջկոմի բյուրոյին։ Բյուրոյի նիստում զեկուցեցի ես և միաժամանակ նշեցի, որ երաշխավորողներից մեկը ես եմ։

Բյուրոյի անդամ շրջգործկոմի նախագահը առաջինը ելույթ ունեցավ և խիստ մեղադրեց Քաջարանի կոմբինատի կուսկոմիտեին ինչպես և ինձ՝ երաշխավորելու դաշնակցական վաշտապետի որդուն կուսշարքերը ընդունելու համար։ Առաջարկեց մերժել, չհաստատել Քաջարանի կոմբինատի կուսկոմիտեի որոշումը։

Ես պատասխան խոսքում ասացի, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքի առաջավոր էքսկավատորավար Արտաշես Պետրոսյանը բոլոր արժանիքներն ու իրավունքներն ունի կուսշարքերը ընդունվելու։ Նա կոմբինատի 2000-անոց կոլեկտիվի պարծանքն է։ Բաց հանքի կազմակերպությունը և երեք հարյուր կոմունիստներից բաղկացած կուսկազմակերպության կոմիտեն միաձայն Արտաշես Պետրոսյանին ընդունել ու երաշխավորել են։ Նա ամենևին պատասխանատու չէ իր հոր մեզ անհայտ դատապարտված հանգամանքի համար, գուցե և անհիմն։ Սակայն Արտաշես Պետրոսյանը կոմբինատում ամենահեղինակավոր, ամենանվիրված աշխատողն է, առավել իրավունք ունի կուսշարքերում լինել, որը և պատիվ կբերի մեզ։

Ելույթ ունեցող չեղավ։ Շրջկոմի առաջին քարտուղար Ռաֆիկ Մինասյանը ասաց.

— Դե ինչ, ընկերներ կարծես հասկանալի է. կարելի է քվեարկության դնել։

Բյուրոյի անդամները դրականորեն արձագանքեցին:

Քվեարկությամբ (մեկ ձեռնապահ) Արտաշես Վարդազարի Պետրոսյանն ընդունվեց կոմկուսի շարքերը որպես անդամության թեկնածու։

Այդ օրվանից շատ ժամանակ չանցավ, երբ հրապարակվեց ԽԱՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝         Քաջարարանի պղնձամոլիբդենային կոմբինատի էքսկավատորավար Արտաշես Պետրոսյանին սոցիալիստական աշխատանքի հերոսի բարձր կոչում շնորհելու մասին և միաժամանակ առաջադրվեց ԽԱՀՄ գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածու։

Սոցիալիստական աշխատանքի հերոս Արտաշես Վարդազարի Պետրոսյանը ընտրվեց ԽԱՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր։

Վարդազար Պետրոսյանն ուներ 4 տղաներ՝ Լևոն, Իշխան, Արտաշես, Պետո, որոնք աշխատանքային բնագավառում բարի համբավ ունեին։ Իշխանը մասնակցել է 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմի մարտերին և պարգևատրվել հայրենիքի բարձր շքանշաններով՝ Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշաններով, ՙԱրիության համար՚ 2 և մարտական այլ մեդալներով։ Մարտում երկու անգամ վիրավորվել, պատերազմի հաշմանդամ էր։ Մահացել է ստացած ծանր վերքերից։

Այդպիսին է Վարդազար Պետրոսյանի ընտանիքի ողբերգական պատմությունը։

* * * * *

Անցավ կես դար։ Վարդազար Պետրոսյանի ընտանիքից ողջ էր մնացել միայն Արտաշեսը, երբ ստացվեց արդարացման մասին փաստաթուղթը, որտեղ գրված է.

Վարդազար Գասպարի Պետրոսյանը, ծնված 1879թ. Կապանի Շրվենանց գյուղում։ Դատապարտվել է կոլտնտեսության մեջ քայքայիչ աշխատանք կատարելու, Խորհրդային կարգերի դեմ պայքարելու համար։

Արդարացված է հանցակազմի բացակայության պատճառով։

…Այդպես, Վարդազար Պետրոսյանը, Զանգեզուրի հերոսական պաշտպանության մասնակիցը, հայրենի հողին նվիրված ժողովրդի հերոսը դատապարտվել ու գնդակահարվել է կամայականորեն, անհիմն առանց հանցակազմի…

1919-21թթ. Վարդազար Պետրոսյանը էջանանի մի քանի գյուղերի զինվորների կողմից ընտրվել է  վաշտապետ և Նժդեհի աշխարազորում մարտնչել Զանգեզուրի ինքնապաշտպանության  կռիվներում, թուրքերի հարձակումներից պաշտպանել հայ բնակչությանը, թշնամուն դուրս մղել երկրամասից։ Միաժամանակ հոգացել զինվորների ընտանիքների կարիքները, օգնել գյուղացիներին։

Ստորև տրված լուսանկարի մեջ ձախից առաջինը (նստած) Վարդազար Պետրոսյանն է, երկրորդը՝ Աղաբեկ Մարտիրոսյանը, երրորդ շարքում ձախից առաջինը (կանգնած)՝ Մկրտիչ Գևորգյանը, երրորդը Իվան Սարդարյանը։

Լուսանկարվել են 1936թ. Տանձավեր գյուղում։

Метки:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: