ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ


Հայազգի երկու նվիրյալ տիտաններ՝ Արամ Մանուկյանը և Գարեգին Նժդեհը, բացառիկ մեծ ծառայություն են մատուցել օրհասական ժամանակներ ապրող հայ ժողովրդին։

Արամ Մանուկյանը 1918թ. ստեղծեց Արարատյան Հայաստանի փաստացի իշխանությունը, կազմակերպեց ժողովրդահերոսական ինքնապաշտպանություն և հիմնադրեց Հայաստանի հանրապետությունը։

Գարեգին Նժդեհը 1919-21 թթ. Զանգեզուրի Ադրբեջանի կազմի մեջ անօրինաբար բռնակցելու դեմ մղեց ինքնապաշտպանական հերոսական պայքար և հռչակեց Լեռնահայաստանի հանրապետությունը։

Հայ ժողովրդի արյունարբու թշնամին՝ Թուրքիայի կառավարությունը, Վանի հերոսամարտը դարբնող Արամ Մանուկյանի գլուխը գնահատել էր միլիոններ նրան ասպարեզից վերացնելու համար։

Ադրբեջանի կառավարությունը Գարեգին Նժդեհի գլուխը գնահատել էր երեք միլիոն ռուբլի նույն նպատակով։

Տասնյակ տարիներ հայ ժողովրդի անձնուրաց ու նվիրյալ հերոսներ Արամ Մանուկյանի և Գարեգին Նժդեհի անունները անարդար կերպով արգելված էր հիշել, բայց նրանց հիշատակը վառ մնաց ժողովրդի անմար հիշողության մեջ։

Արամ Մանուկյանը (նույնը` Սարգիս Հովհաննիսյան) ծնվել է 1879թ. Կապանի շրջանի Զեյվա (այժմ՝ Դավիթ-Բեկ) գյուղում։ Երկու տարին չլրացած մահանում է հայրը` Արամը: Այրիացած մայրը` Շուշանը ամուսնու մահից երկու տարի հետո իր չորս տարեկան երեխայի հետ տեղափոխվում է Շուշի` հորանց տուն և որոշ ժամանակից հետո ամուսնանում է Մանուկյան ազգանունով մարդու հետ: Ամուսինները համաձայնվում են երեխային անվանակոչել հոր` Արամի անունով, իսկ ազգանունը` մոր երկրորդ ամուսնու ազգանունով` Մանուկյան:

Սովորում է Շուշիի թեմական դպրոցում։ Փայլուն ընդունակությունների տեր էր և սովորում էր հաջողությամբ։ Նա շուտով արժանանում է ուսուցիչների ուշադրությանը և աշակերտների համակրանքին։ Թեմական դպրոցում սովորում է մինչև 5-րդ դասարանը։ Նա մշտապես մասնակցում է դպրոցի հասարակական միջոցառումներին, ապա ընդգրկվում է արդարադատության քարոզչական աշխատանքներում։ Աստիճանաբար լայնանում են նրա հետաքրքրությունների սահմանները և սկսում է դրսևորել քննական հայացքներ։ Այդ ժամանակ մասնակցում է կուսակցական գաղափարական քարոզչությանը և կազմակերպչական աշխատանքներին։ Այդ ամենը դառնում է մանկավարժական ժողովների քննարկման առարկա։ Մի քանի սովորողներ հեռացվում են դպրոցից, նրանց հետ նաև Սարգիս Հովհաննիսյանը որպես ՙանբարեհույսների՚ ու ՙըմբոստների՚։ Շուշիի թեմական դպրոցից հեռացված սովորողները մեկնում են Երևան և շարունակում ուսումը Երևանի թեմական դպրոցում։ Նրանք ակտիվորեն մասնակցում են աշակերտական հավաքույթներին ու միջոցառումներին։ Երևանի թեմական դպրոցն ավարտելուց հետո (այստեղ սովորում է մեկ տարի) Աարգիսը մեկնում է Բաքու, լինում Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում։ Այնուհետև նրան ձգում է Ղարսը, որտեղ իր բացառիկ կարողություններով լայն ճանաչման է արժանանում։ Սարգիս Հովհաննիսյանը Հայ հեղափոխական դաշնակցության մեջ մտնելու ժամանակը համարում է Շուշիի թեմական դպրոցում սովորելու վերջին տարին։ Ղարսում նա գաղափարական, քաղաքական ու կազմակերպչական աշխատանքների փորձ է ձեռք բերում, թրծվում պայքարում։

1905թ. փետրվարին արդեն Վանում էր։ Նրա վրա դրվեց Հայ հեղափոխական դաշնակցության քաղաքական-հասարակական գործերի ղեկավարությունը։ Արամը մշակում է գործելու հատուկ ծրագիր, իր կողմն է ձգում մտավորականներին ու նրանց միջոցով կազմակերպում քարոզչական աշխատանքներ։ Նա կարողացավ դաշնակցական, Արմենական, Հնչակյան կուսակցությունների անդամներին և չեզոք մարտական ակտիվը միավորել և միասնական ուժերով հմտորեն կազմակերպել Վանի ինքնապաշտպանությունը թուրքական հարձակումների դեմ։ Արամը հասավ մեծ հեղինակության հայերի մեջ և դարձավ Վանի հերոսական պաշտպանության ոգին։

Հայոց Զինվորական մարմնի և Վանի ինքնապաշտպանության ամբողջ ղեկավարությունը իրագործում էր Արամը։ Նա Վասպուրականի հայության ընտրյալ առաջնորդն էր։

1915թ. մայիսի 5-ին Վանի պաշտպանները հասան հաղթանակի, կերտեցին հայ ժողովրդի ազատությունը։

ՙՇնորհիվ զինված հայ ժողովրդի և ղեկավարությամբ ռուսահպատակ Արամի, Վանը երեք ամիս պաշտպանվեց և երեք օր առաջ թուրքերը նահանջեցին՚ (ռուսական բանակի զորավար գեներալ Նիկոլաևի հեռագրից. ՙԱրամը՚ գրքի 465 էջից)։

Մայիսի 7-ին Վանի հերոսամարտը դարբնող առաջնորդ Արամը նշանակվեց Վանի նահանգապետ, որը հաստատվեց ռուսական բանակի հրամանատարության կողմից։ Մայիսի 8-ին Վանի նահանգապետ Արամը կոչ ուղղեց ժողովրդին և մի քանի օրվա ընթացքում ստեղծեց ժողովրդական-վերաշինական կառավարություն, որը հանդիսացավ պետական կառավարման կառուցվածքի առաջին օրինակը։ Այդ ժամանակ զորավար Նազարբեկովը այցելելով և ծանոթանալով Արամ Մանուկյանի հետ, ասաց. ՙՏեսնելով Ձեզ, ձեր երկիրը և ձեր ժողովուրդը, ես հպարտ եմ, որ հայ եմ՚։

Անդրանիկ զորավարը մտավ Վան, Արամը շքեղ ընդունելություն կազմակերպեց։   Ժամանակակիցները բարձր գնահատական են տվել Արամ Մանուկյանի Վանի շրջանի գործունեությանը։ Արամը անձնուրաց գործիչ էր, անզուգական ղեկավար, նրա գլխավորությամբ   Վանի հայությունը կերտեց իր ապրիլյան հերոսամարտը։

* * *

Արամը եկավ Երևան 1917թ. դեկտեմբերի վերջին, որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր ներկայացուցիչ։ Երևանի ազգային խորհուրդը սկզբնական շրջանում անգործունյա մարմին էր, ինքնուրույն նախաձեռնությունից զուրկ։ Այն ակտիվ գործունեություն ծավալեց Թիֆլիսից Արամի Երևան գալու ժամանակից։ Երևանի ազգային խորհրդի նիստում Արամը հանդես եկավ վերլուծական զեկուցմամբ, որտեղ նշեց՝ ոչ մի տեղից չկա և ոչ մի հույս, պետք է լարել սեփական ուժերը՝ ապահովելու համար ճակատն ու թիկունքը։

Արամի առաջարկով վերակազմվեց Ազգային խորհուրդը, ընտրեց փոքրակազմ մարմին՝ հատուկ կոմիտե Ազգային խորհուրդի իրավունքներով, որը դարձավ Երևանի փաստական իշխանություն։ 1918թ. հունվարին Երևան եկավ Երևանի նահանգի հայկական զորքերի ընդհանուր հրամանատար գեներալ Սիլիկյանը իր սպայակույտով, ապա՝ Դրոն որպես կոմիսար։ Հայտարարվեց զինակոչ մինչև 28 տարեկան զինապարտներին զորակոչել ռազմաճակատ մեկնելու համար։ Արամը կոչ ուղղեց ժողովրդին՝ որտեղ բացատրում էր կացության լրջությունը, այն մեծ արձագանք գտավ։ ՙԱյդպիսի պայմաններում մեր ժողովուրդը հրաշքներ կարող է գործել՚ — ասում էր Արամը Երևանում դրությունը սպառնական էր, անհրաժեշտ էր ուժեղ, արագ գործող, վճռական ու միակամ իշխանություն։ Այդ իշխանությունը Արարատյան դաշտը ունեցավ հանձին Արամի։

ՙ1918թ. մարտի առաջին օրերից սկսած Երևանի բովանդակ իշխանության մարմնացումը դարձավ Արամը, որը   կարողացավ   շաղկապել   Երևանի   շրջակա   բոլոր գործուն տարրերը, նա ցուցաբերեց արտակարգ եռանդ և ամենատագնապալի պահերին ձեռնահասությամբ վարեց Արարատյան դաշտի հայ ժողովրդի ճակատագիրը՚։ (Ս.Վրացյան)։ Արամը կազմակերպեց մի մարմին, որի անդամները կոչվում էին վարիչներ։ Այդ մարմինը փաստորեն Արարատյան դաշտի կառավարությունն էր, որի նախագահը և զինվորական գործերի վարիչը Արամն էր։ Այդ օրհասական օրերին ժողովրդական բազմամարդ հավաքում, որտեղ ներկա էին Երևան քաղաքի, Արարատյան դաշտի հարակից գավառների ու Հայաստանի այլ շրջանների ներկայացուցիչներ, որոշվեց ամբողջ իշխանությունը կենտրոնացնել մեկ մարդու ձեռքը, տալ արտակարգ լիազորություններ և ամբողջովին ենթարկվել նրան։ Երևան քաղաքի     զինվորական պարետ Ա.Շախաթունյանի առաջարկությամբ՝ որ այդ մարդը միայն Արամն է, ընտրվում է միաձայն։ Արամը հռչակվում է դիկտատոր։ Արամը, որ միաժամանակ զինվորական զորքերի վարիչն էր, առաջարկում է այդ պաշտոնը հանձնել զորավար Սիլիկյանին, սակայն վերջինս հրաժարվում է։ ՙՆերկայումս նա (Արամը) միակ կարող մարդն է այդ պաշտոնի համար։ Ես ինչու՞ եմ հրաժարվում, որովհետև մեկ է՝ ես ինքս առանց Արամի ոչինչ չեմ անելու։ Ես այժմ էլ առանց Արամի հետ խորհրդակցելու ոչ մի կարևոր քայլ չեմ անում։ Ոչ մի զինվորական   վերարկու (նկատի   ունի զինվորական համազգեստով ու կոչումով) ոչ ոքի չի տա այն՝ ինչ ունի Արամը։ Նրանից հարմար վարիչ մեզ համար չեք գտնի՚ (զորավար Սիլիկյան)։

Այսպիսով՝ Երևանի ամբողջ նահանգը կառավարելու համար հատուկ լիազորություններ տրվեց Վանի հերոսամարտի հերոս Արամին։ Նա արագորեն մոբիլիզացրեց բոլոր ուժերը ճակատը ուժեղացնելու և թշնամուն ետ շպրտելու համար։ Արամը կոչ էր անում, որ մեր հույսը պետք է կապենք մեր խիզախության հետ։ Ազգի հավաքական կամքի ու հերոսական պայքարի դրսևորումից է կախված նրա ինքնապաշտպանության հաջողությունը և հաղթանակը։

Արամը աննախադեպ հեղինակություն էր հայ ժողովրդի համար։ 1918թ. գարնան և ամառվա պատմական ամիսներին Արամի ղեկավարության շրջանում ստեղծվել էր իշխանության ու ժողովրդի համերաշխ միություն։ Արամ Մանուկյանի ղեկավարությամբ, դեռ մինչև Թիֆլիսից Քաջազնունու կառավարության Երևան գալը, հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը և ձեռք բերվեց անկախություն բացառապես թշնամու դեմ տարած ռազմական հաղթանակների՝ Սարդարապատի և մյուս ճակատներով թշնամուն ջախջախիչ հարվածներ հասցնելու և ետ շպրտելու շնորհիվ։

Երևանի նահանգում Արամի գլխավորած իշխանությունը ստանալով հայ ժողովրդի աջակցությունն ու վստահությունը, կազմակերպելով հերոսական պայքար, ճակատամարտերում հասնելով հաղթանակի վերահաստատեց իր անկախ պետականությունը։ Արամ Մանուկյանը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրեց, ապա հանձնեց Քաջազնունու կառավարությանը։ Սակայն պետք է ճշմարտությունը խոստովանել, որ ժողովրդի սրտից կլիներ, եթե այդ ժամանակ կառավարության նախագահը հաստատվեր Արամ Մանուկյանը, որն արդեն արժանացել էր ժողովրդի վստահությանը և ղեկավարում էր այդ գործը։ Նոր կառավարության կազմում Արամը զբաղեցրեց ներ֊քին գործերի նախարարի պաշտոնը, շարունակեց ղեկավարել հանրապետության ներքին քաղաքականությունը։

Արամ Մանուկյանը իրականացրեց հայ ժողովրդի դարավոր երազանքը և այդ ուղղությամբ մղված պայքարը հասցրեց փայլուն հաղթանակի։

1918թ-ին ողջ Անդրկովկասում խիստ հակասական դրություն էր տիրում։ Այդպիսի դժվարին ժամանակ հանդես են գալիս այնպիսի քաղաքական գործիչներ ու պատմական դեմքեր, որոնք շրջում են դեպքերի ընթացքը։ Դրանցից էր Արամ Մանուկյանը՝ 1915թ. Վանի պաշտպանության հերոս, Հայաստանի Հանրապետության հիմնադիրը։ Արամը կոչ արեց հենվել հայ ժողովդրի հավաքականության վրա և արագորեն կազմակերպել ինքնապաշտպանության, գերմարդկային ճիգ գործադրել ու հրաշք գործեց։ Այո՝ հրաշք։ Քանի որ ամիսներ առաջ ժողովրդի մեջ տիրում էր  այնպիսի հուսալքություն, որ հետապնդող թշնամուն չէր դիմադրում, նահանջում էր նրա առաջ։ Արամը ժողովրդին, զինվորներին ոգեշնչեց և հասցրեց փայլուն հաղթանակի, որի արդյունքը եղավ ՀՀ հիմնադրումը։

Կազմակերպչական ուժը, պետական մտածելակերպն ու դրա իրագործման հմտությունը, արտակարգ կարողություններ ու տաղանդ, քաղաքական սթափ գործչի հեռաթափանցություն, կոնկրետ իրադրության մեջ ճիշտ կողմորոշվելու ունակությունը, իր ազգին անսահմանորեն նվիրվածությունը — ահա Արամի կերպարի բնորոշ առանձնահատկությունները։

ՙՎանի հերոսամարտը կազմակերպելով ու վարելով՝ Արամը դուրս եկավ մեր կուսակցության սահմաններից ու դարձավ ազգային դեմք, Վասպուրականի հերոսը։ Արամը միայն մերը չէ, միայն դաշնակցությանը չէ, նա բոլորինն է։ Արամի աստղին հավատում ենք ոչ միայն մենք, այլև բոլորը՚։ (Սարգիս Օհանջանյան)

1919թ. հունվարի 29-ին տիֆից մահացավ Արամ Մանուկյանը։ Հայ ժողովուրդը մեծ սուգ ապրեց իր մեծ զավակի մահվան առթիվ։ Սգում էր Երևանը, մայրաքաղաքը այդպիսի բազմամարդ թաղում չէր տեսել։

Վանի հերոսամարտը դարբնող և Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի անունը վառ մնաց ժողովրդի անմար հիշողության մեջ։

Այժմ Արամ Մանուկյանի անունով է կոչվում իր ծննդավայր Դավիթ-Բեկի (նախկին Զեյվա) գյուղի միջնակարգ դպրոցը, նրա կիսանդրին դրված է դպրոցի բակում և Կապան քաղաքի Կենտրոնում, քաղաքապետարանի վարչական շենքի հրապարակում, նրա անունով փողոցներ կան Երևան և Կապան քաղաքներում:

Метки: , , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: