ԱՌՈՒՍՏԱՄ ՍԱՐԴԱՐՅԱՆ


Առուստամ (Ռուստամ) Անդրեասի Սարդարյանը ծնվել է 1883թ. Կապանի շրջանի Քրդիկանց (այժմ Լեռնաձոր) գյուղում: Սովորել է Շուշիում: Ծառայել է ռուսական բանակում: Մասնակցել է հայ ազատագրական պայքարին: Անդրանիկ զորավարի հրամանատարությամբ կռվել է թուրքական զորքերի դեմ Արևմտյան Հայաստանում: Շրջահայաց, համազգային շահերը խորապես գիտակցող համարձակ ու հմուտ զինվորական էր:

1918-19թթ. Անդրանիկի, ապա 1919-21թթ. Նժդեհի հավատարիմ զինակիցն էր, Ողջիի ենթաշրջանի (Վերին Ձորի) հավաքական վաշտի հրամանատարը: Առուստամ Սարդարյանը  մասնակցել  է  Զանգեզուրում  թուրքական զորքերի դեմ մղված բոլոր ճակատամարտերին: Առաջին` Ողջիի  և  Գեղվաձորի  ճակատամարտերում  Առուստամի վաշտի զինվորների (վաշտում մեծ մասամբ ընդգրկված էին լեռնաձորցիները) համարձակ ու հանկարծակի գրոհները պսակվել է փայլուն  հաղթանակներով և դավադիրների գաղտնի բազմաքանակ խմբերը ամբողջովին ջախջախվել: Վաշտապետ   Առուստամ  Աարդարյանը Վերին Հանդեցի Կարապետ Նարինյանի հետ ակտիվ մասնակցություն է ունեցել Արաքսի վրայով, Գողթանով ու Նախիջևանով զենքի ու զինամթերքի տեղափոխմանը Կապան, մասնակցել է Գողթանի      հայկական  գյուղերի պաշտպանության մարտերին:      Զանգեզուրի կռիվներում Առուստամ Սարդարյանի վաշտի զորական ուժը կազմող Քրդիկանցի քաջերը   մինչև վերջ մարտնչեցին Սյունյաց աշխարհի պաշտպանության համար: Խիզախ հրամանատարը հավատարիմ ու բազմահմուտ իր երեք զինվորների հետ թափանցում էր հակառակորդի դիրքերը, նրա թիկունքը և կարևոր տեղեկություններ հավաքում, գերի վերցնում թուրք հրամանատարների: Առուստամ Քրդիկանցի հաղթանդամ Աղաբեկի և Հակոբի  հետ  գերի  վերցրեց  թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Ջավալ փաշային և հանձնեցին Նժդեհին: Հարցաքննությունից հետո թուրք փաշան ստացավ իր արժանի պատիժը, ոազմական դաշտային դատարանի որոշմամբ գնդակահարվեց:

1921թ. Զանգեզուրում խորհրդային կարգերի հաստատումից հետո Առուստամ Սարդարյանը աշխատել է գյուղում, ապա Կապանի պղնձահանքային կոմբինատում՝ մինչև 1930թ. մայիսը:

Հայքաղպետվարչության կից խորհրդակցության 1930թ. հունիսի 23-ի որոշմամբ Առուստամ (Ռուստամ) Անդրեասի Սարդարյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամանակով այն բանի համար, որ իբր պայքար է մղել Խորհրդային կարգերի դեմ: 1935թ. Առուստամ Սարդարյանը ազատվել է կալանքից, 1937թ. վերադարձել Կապան: Ընտանիքը կործանված էր… ծանր ողբերգություն էր տեղի ունեցել… Առուստամը սկսել է փնտրել երեխաներին… Սակայն ՆԳԺԿ-ի կից եռյակի 1938թ. մարտի 10-ի որոշմամբ կրկին դատապարտվում է 10 տարվա ազատազրկման, ամբաստանվել՝ իբրև կապ է պահպանել դաշնակցության հետ: Այնուհետև նրա ճակատագիրը մնաց անհայտ, ե՞րբ, որտե՞ղ է կնքել իր մահկանացուն առյուծասիրտ Առուստամ Սարդարյանը…

* * *

1931թ. ապրիլի 28: Երեկո, ժամը 20-ն անց 45 րոպե: Հանկարծ դղրդաց երկինքը, գետինն օրորվեց, հողը ոտքի տակից գնաց, փուլ եկան տները, գյուղում խավարը պատեց, լացուկոծ, աղաղակ… Հյուսիսային կողմի թեք լանջից ժայռաբեկորներ ու մեծ քարեր գահավիժեցին գյուղի տների վրա: Գյուղը դատարկվել էր: Ինը բալանոց երկրաշարժը դեռ շարունակում էր իր ցնցումները:

Գյուղի տղամարդիկ բացօթյա դաշտում հավաքվածներին ստուգեցին ըստ ընտանիքների, արդյո՞ք բոլորը փրկվեցին, ոչ ոք չի՞ մնացել գյուղում անօգնական: Կանչում էին մեկ-մեկու, մութ էր, ոչ ոք չէր երևում, արդյո՞ք փրկվել է ողջ գյուղը: Հավաքվածների միջից լսվեց կանացի ձայն.

— Վարթի, Վարթի… պատասխան չկա:

— Վարթի, — ձայնը հուսահատորեն  ընդհատվեց: Բոլորը հանկարծ հասկացան, որ Առուստամի ընտանիւ մայրը իր հինգ երեխաներով չկան: Մի քանի տղամարդ պոկվեցին իրենց տեղից ու վազեցին դեպի գյուղ: Փլված տների մոտով հասան Առուստամի տուն: Գլորված քարի հարվածից տան պատշգամբը փլվել էր, Վարթին գերանի տակ ճզմվել էր: Նա մահացել էր հազիվ մի ճիչ արձակելով: Երկրաշարժի պահին Վարթին հարևանի տանն է եղել: Շտապ վազել է տուն երեխաներին փրկելու: Իսկ երեխաները սարսափահար  իրար  գրկած  պպզած էին օրորոցի մոտ և նայում էին փլված դռան կողմը: Փայտյա օրորոցի մեջ մեկ տարեկան աղջիկը խաղում էր կախված ու օրորվող խաղալիքի հետ:

Երեխաները ողջ են, նրանց փրկում են:

… Մեկ ամիս հետո Երևանի որբանոցում գրանցվեցին որբ երեխաների անունները՝ Հայդուկ՝ 4 տարեկան, Անթելա`5 տարեկան, Զարի՝ 7 տարեկան, Շմավոն՝ 9 տարեկան: Մեկ տարեկան փոքրիկ աղջկան՝ ժենյային, իր խնամքի տակ էր վերցրել մորաքույր Վարսենիկը: Կապանի պղնձահանքային կոմբինատի լեռնային ինժեները և նրա կինը (հիվանդանոցի բժշկուհի)՝ Բոգոմոլովները ժենյային որդեգրում են և իրենց հետ տանում Մոսկվա, որտեղ ապրում, մեծանում է: ժենյան սովորում և ավարտում է Լոմոնոսովի անվա համալսարանի ռուսաց լեզվի և ռուս գրականության ֆակուլտետը և աշխատում Մոսկվայի 110-րդ միջնակարգ դպրոցում ուսուցչուհի:

Մանկատանը երեխաները մեծացան. Շմավոնը աշխատանքի անցավ, Զարային ու Անթելային տեղափոխեցին մանկատնից, իսկ 4 տարեկան Հայդուկը մնաց այնտեղ: Զարան ու Անթելան այլևս ոչինչ չեն հիշում: Այդ ժամանակից անցավ 33 տարի: Հայդուկը չկա, նա իր ծնողների, քույրերի ու եղբոր անունները չգիտի: Եթե ողջ է, ապա չգիտի, թե ո՞վ է ինքը, որտեղացի:

Միլիցիայի մայոր Արտեմ Անդրեասյանը երկար փնտրումներից հետո նրան գտավ Թբիլիսիում 1964թ.: 1931թ. հոկտեմբերի 4-ին նրան վերցրել է թբիլիսցի մի կին՝ Դարիա Սուզանագյանը, որը փոքրիկին պահել-մեծացրել է: Դարիա Զաքարովնան մահացել է 1943թ., երբ Հայդուկը, որ արդեն Հրանտիկ Սուզանագյան էր, հազիվ 16 տարեկան էր: Մոր՝ այդ բարի կնոջ մահից հետո, Հրանտիկը հաղթահարել է կյանքի դժվարությունները և խորհրդային բանակում ծառայությունը ավարտելուց հետո վերադարձել Թբիլիսի, վերստացել (կտակի համաձայն) իր մոր՝ Դարիա Զաքարի Սուզանագյանի որդին կոչվելու իրավունքը և բնակարանը, աշխատանքի անցել գործարանում, կազմել երջանիկ ընտանիք, ունեցել 3 երեխաներ: 1965թ. ընտանիքով այցելել է իր հոր՝ Առուստամի գյուղը՝ Լեռնաձոր, ձեռքերով շոշափել փլված տան ավերակների քարերը, ծաղկեպսակ դրել մոր՝ գերեզմանաքարին, իսկ հոր անունը տալիս արցունքները գլորվում էր նրա տխուր աչքերից: Ընտանիքով վերադարձավ Թբիլիսի: Մեկ տարի հետո, տխուր լուրը գուժեց Կապան՝ հարազատներին՝ ՙՀրանտիկը սպանվել է՚: Անցավ երկու տարի: Մոսկվայից ստացվեց հեռագիր ՙՄոսկվայի 110-րդ դպրոցի ռուսաց լեզվի և ռուս գրականության ուսուցչուհի ժենյա Բոգոմոլովան հանկարծամահ է եղել՚: Շմավոնը՝ Առուստամի ավագ որդին՝ մահանում է ժենյայի մահից երկու տարի հետո: Առուստամի ծվատված ու փշրված ընտանիքի ողբերգական պատմությունը չի մոռացվում Լեռնաձոր գյուղում, սերնդից սերունդ անցնում է այդ չմոռացվող պատմությունը, պահպանվում հիշողության մեջ…

Метки: ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: