ԱՇՈՏ ՄԵԼԻՔ-ՄՈՒՍՅԱՆ


Աշոտ Մելիք-Մուսյանը այն քաղաքական-հասարակական նշանավոր գործիչներից էր, որոնք մեծ ծառայություն են մատուցել օրհասական ժամանակներ ապրող երկրամասի ժողովրդին:

Աշոտ Մելիք-Մուսյանը Գողթանի Ազգային խորհրդի նախագահն էր, Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչը Նախիջևանում և Գողթանում: Նա իրապես ազգանվեր գործիչ էր, իր ողջ կյանքը նվիրաբերեց երկրամասի ինքնապաշտպանության կազմակերպման, բնակչության կյանքն ու անվտանգությունը ապահովելու գործին: Աշոտ Մելիք-Մուսյանը ծնվել է Ագուլիսում 1880 թ.: Սկզբնական կրթությունը ստանալուց հետո աշխատել է Բաքվի նավթահանքերում: 1903 թ. Բաթում քաղաքում ձերբակալվել է  հակացարական ելույթների համար: Վերադարձել է Բաքու, որտեղ կրկին ձերբակալվել է քաղաքական գործունեության համար: 1905-12 թթ. աշխատել է Մուղանում, վերադարձել Հայաստան, աշխատել Շարուր-Դարալագյազում գյուղատնտես:

1915 թ. զորակոչվել է ռուսական բանակ, ծառայել մինչև 1917 թ.` Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը: Ա. Մելիք-Մուսյանը 1915 թ. մայիսի 5-ին ռուսական զորքերի հետ Վան մտած հայ կամավորական ջոկատներին առաջնորդող հրամանատարներից էր:

Հայաստանի հանրապետության նորաստեղծ կառավարությունը Աշոտ Մելիք-Մուսյանին 1918 թ. հունիսից նշանակում է իր լիազոր ներկայացուցիչը Նախիջևանում և Գողթանում և մշտական կապի մեջ էր Արամ Մանուկյանի հետ:

1918 թ. հուլիսին Նախիջևանում զորավար Անդրանիկը խորհրդակցում է Մելիք-Մուսյանի հետ գավառում իր ներկայությունը արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ միջոցառումների մասին: Մելիք-Մուսյանը Անդրանիկին հանգամանալից նամակ է ուղարկում, որը ըստ էության այդ հատվածի հայության ճակատագրին վերաբերող ամբողջական ծրագիր էր: Սակայն քաղաքական ու ռազմական աննպաստ պայմանների պատճառով Անդրանիկին հաջողվեց այդ ընդարձակ ծրագրի միայն մի մասը կենսագործել: Հետագայում քեմալական Թուրքիայի և մուսաֆաթական Ադրբեջանի միացյալ զորքերի հարձակման հետևանքով Նախիջևանի անկումից հետո Գողթանն հայտնվեց խիստ ծանր ու դժվար կացության մեջ: Բոլոր կողմերից շրջապատված թշնամիներով Գողթանի հայությունը Աշոտ Մելիք-Մուսյանի գլխավորությամբ օրհասական պայքար էր մղում: Այդ ժամանակ Կապանի  Ազգային խորհուրդը հասկանալով երկրամասի ռազմավարական կարևորությունը Զանգեզուրի համար զինված օգնություն է ցուցաբերում:

Գողթանի գավառապետ և հրամանատար Աշոտ Մելիք-Մուսյանը սուրհանդակի միջոցով Կապարգողթի հրամանատար Գարեգին Նժդեհին ուղարկում է գրություն ՙՄենք կմեռնենք, մեր ձեռքով կկոտորենք մեր որդիները, մեր քույրերը, հայրերն ու մայրերը, որպեսզի շան նման սովից չսատկեն, իսկ տղամարդիկ կկռվեն մինչև իրենց վերջին շունչը՚:

Օրդուբադի ու Նախիջևանի թուրքերը զինաթափել էին հայ գյուղացիներին, շրջապատել ու սկսել ջարդն ու կոտորածը, կողոպտել ու հրդեհել տները: Գողթանի այս ծանր վիճակի պահին Հայաստանի հանրապետության կառավարությունը ի վիճակի չեղավ զորք ուղարկել, օգնության հասնել: Գողթանից ով ինչպես կարող էր փախչում էր, Կապուտջուղով անցնում Կապան: Նժդեհը հուսադրում գողթանցիներին, որ հեծյալ զորքով կհասնի Գորթան օգնության:

1920 թ. փետրվարի 12-ին Նժդեհը հրաման է արձակում Գողանի ուղղությամբ արշավանքի մասին: Մարտի 8-ին Սյունիքի զորամասերը համախմբելով Բաղաբերդում, սկսում են ձյունածածկ Կապուտջուղի հերոսական լեռնանցումը: Մարտի 15-ին զորքը կենտրոնանում է Բիստ գյուղում, մարտի 19-ին սկսվում է ընդհանուր հարձակումը: Մարտի 21-ին Գողթանի բոլոր գյուղերը ազատագրված էին: Նժդեհը պատրաստվում էր հարձակվել Օրդուբադի վրա, սակայն Կապանի զորակայանից ստանում է Զեյվա (այժմ Դավիթ բեկ) գյուղի վրա թուրքերի մասին, վերադառնում է Կապան:

Նժդեհը զանգեզուրցիների միջոցով ոչնչացնում Է պրինց Ղազարի ամբողջ ավազակախմբին և կռիվը շարունակելով գրավում Է Բարգուշատի 80 գյուղերը վանելով թուրքերին: Հետագայում, սակայն, Զանգեզուրում խորհրդային կարգերը հաստատվելուց Գողթանը Օրդուբադի ու Նախիջևանի հետ հանձնվում Է Ադրբեջանի թուրքական կառավարությանը:

Գողթանի գավառապետ ու հրամանատար Աշոտ Մելիք-Մուսյանը մեծ ցավով Էր տանում Գողթանի հայ բնակչության սոսկալի կոտորածն ու հայաթափումը:

1920 թ. դեկտեմբերի 5-ին Ռուսաստանի դեսպան Լեգրանի կողմից Աշոտ Մելիք-Մուսյանը նշանակվել է Ռուսաստանի ու Հայաստանի ներկայացուցիչ Զանգեզուրում:

Աշոտ Մելիք-Մուսյանը անհայտ հանգամանքներում ինքնասպանություն է գործել:

ԱՐՏԵՄ ԽԱՆԶԱԴՅԱՆ (ԳՈՐԻՍԵՑԻ)

Արտեմ Խանզադյանը ծնվել Է Գորիս քաղաքում: Հարուստ ընտանիքի զավակ Էր և ստացել Էր հիմնավոր կրթություն: Տիրապետում Էր նաև ռուսերեն լեզվին: Ակտիվ ու գործնական մասնակցություն Է ունեցել Զանգեզուրի ինքնապաշտպանության ու ազատագրական պայքարին որպես զորախմբի հրամանատար ու ղեկավար:

1919թ. նոյեմբերին Դրոն իր զորքով մտել Է Գորիս ու անմիջապես կազմակերպել շրջանի պաշտպանությունը Բարգուշատի թուրքերի չդադարող ավազակային հարձակումներից և անցել հակահարձակման: Արտեմ Խանզադյանը նշանակվել Է զինված խմբի հրամանատար և տաթևցի խմբապետ Վարդանի հետ անցել անդնդախոր ձորերով ու լեռներով դեպի Բարգուշատ: Հունվարի 5-ին հարձակվեցին Գորիսի և Կապանի սահմանային Տանձավեր գյուղում բնակված թուրք բեկերի վրա, այնուհետև Մաճ, Շուրնուխի գյուղերով մտան Նավլու գյուղը, որը թուրքերի զորքերի կենտրոնատեղին Էր: Նժդեհի զորամասերը Կապանի Եղվարդ, Զեյվա գյուղերի կողմից շրջապատել Էր թուրքական գյուղերը: Արտեմ Խանզադյանին առաջադրանք Էր տրված իր խմբով հասնել Մաղանջուղ և փակել Բարգուշատի Լազարենց կամուրջը, հարձակվելով Դոնդարլու, Դամիրչլար գյուղաքաղաքի վրա: Այդ մասին Արտեմ Խանզադյանը հետագայում գրել Է. ՙԴրոն բռնել Էր կենտրոնական մասը և մոտենում Էր Բարգուշատի թուրքաբնակ ձորերին: Հունվար ամիսն Էր, սոսկալի ցուրտ, ձյունը ոտքերի տակ ճրճռում Էր: Ես և Յապոնացին (գորիսեցի Համբարձում Սարգիսջանյանը) մեր խմբերով գիշերով ճամփա ընկանք և լուսաբացին Մաղանջուղի շրջանի սարերից իջնելով մոտեցանք ձորի բերանին ընկած Լազարենց կամրջին: Մի խումբ թողեցինք կամրջի շրջանում թուրքերի առաջը կտրելու համար, մնացած ուժերով շտապեցինք հարձակման դեպի Դոնդարլու Դամիրչլար գյուղաքաղաքի վրա: Դրոն Էյվազլարից թնդանոթներով հրետակոծում էր թուրքական գյուղերը՚:

Յապոնացու և Արտեմ Խանզադյանի վաշտերը լուսաբացին գրոհում են քաղաքը: Թուրքերը ուժեղ դիմադրություն ցույց տվեցին: Յապոնացին իր խմբով ճեղքում է թուրքերի պաշտպանությունը և մտնում քաղաքի կենտրոնը: Սկսվում է թուրքերի անկանոն նահանջն ու փախուստը: Նովլու գյուղի մոտ միանում են Յապոնի, Վարդանի և Արտեմ Խանզադյանի խմբերը: ՙՆժեհը Կապանի թուրք շրջանները լրիվ ազատագրելուց հետո Սուսան բարձր սարի վրայից բարձրակոչ ասում է. ՙՀայոց քաջեր, Զանգեզուրի արծիվներ այրեցեք, ավերեցեք ու քանդեք թուրք գյուղերը, որ օձն ու կարիճն անգամ բուն չդնեն…՚ (Ա. Խանզադյան վկայություններ էջ 483):

Հայ քաջակորով արծիվները հետապնդում են Կուբաթլուի թուրքերին բարձրագոչ կոչերորվ ՙԶանգեզուրի քաջեʹր, առաջ, առաջ՚: Թուրքերը նահանջելով անցնում են Հագարու գետը և այնտեղից գոռում ՙՀայեր, ախր մինչև որտեղ առաջ-առաջ, տեղներս ցույց տվեք, այնտեղ կանգնենք էլի՚ (նույն տեղը էջ 484):

Զանգեզուրը մաքրվեց թուրքերից մինչև Հագարուի ափերը: Նժդեհի զորամասերի հետ Արտեմ Խանզադյանի վաշտը վերադարձավ Կապանի Վիժենիս (ՈւԺանիս) գյուղը, դիմավորելու Դրոյին: ՙԴրոն Նժդեհի հետ գրկախառնվելուց հետո ասաց. ՙԱյսուհետև դու ամեն տեսակի իրավունք ունես՚: Այդ օրն էլ Նժդեհը մկրտվեց ՙՄեծն Նժդեհ՚ անունով՚ (նույն տեղը):

1920թ. գարնանը Դրոյի և Նժդեհի զորամասերում Արտեմ Խանզադյանի վաշտը ևս մասնակցեց արշավանքին Ղարաբաղի ուղղությամբ:

Գորիս վերադառնալուց Դրոն տեղեկանում է, որ շնհերցի Արշակ Շիրինյանի և Խորունուն գնդակահարել են: ՙԴրոյի հետ գնացինք այցելելու Շիրինյանի և Խորունու գերեզմանին՚,– պատմեց Ա. Խանզադյանը: Հողը մաքրել տվինք և ինչ տեսնենք` չորս դիակներ իրար վրա թափված: Շիրինյանի մեկ թևը չկար, շորերը շաղախված էին արյամբ, մարմինը ծակծկված, լուսանկարեցինք՚:

Խորհրդայնացումից հետո Արտեմ Խանզադյանը մնում է Գորիսում, սակայն ձերբակալվում և նետվում է Գորիսի բանտը, այնուհետև Երևանի Չեկայի, Թիֆլիսի, Մոսկվայի բանտերը և աքսորվում է հեռավոր Սիբիր, Հյուսիսային ծովի մեջ Սալովկի կղզին: Այնուհետև 1933թ. փախուստի է դիմում և անպատմելի դժվարություններով հաջողվում է հասնել Իրան:

ՙԲարձրացել եմ սահմանի վրա ցցված լեռան գագաթը,- գրել է Ա.Խանզադյանը,– և զգալով, որ տարեգիր եմ, մի րոպե երեսս շուռ տվի դեպի Հայաստան երկիրը, մնաս բարով ասացի ու սիրտս արյունով լցված սարերն ի վար իջնելով ոտք դրի հյուրընկալ Իրանի հողի վրա՚: Արտեմ Խանզադյանը ապրեց Թեհրանում մինչև կյանքի վերջը…

Метки: ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: