Վահանավանք


Վահանավանք վանակն համալիրը գտնվում է Կապան քաղաքի Շղարշիկ թաղամասի դիմաց` Ողջի գետի աջ ափին, անտառապատ լեռնալանջի վրա: Վանքի հիմնադրման մասին Ստ. Օրբելյանը գրում է, որ Սյունյաց Ձագիկ իշխանի որդի Վահանը դիվահար մոլեգնության պատճառով կրոնավոր է դառնում: Շատինի վարդապետների մոտ բուժվելուց հետո վերադառնում է հայրենի տուն ու կամենում այնտեղ վանք շինել և հաստատել մշտապաշտոն քահանաների կրոնավորական դասեր: Շատ ու խիստ ճգնություններից հետո գալով բարձր լեռան ստորոտը, որի վրա է Բաղաբերդ անառիկ ամրոցը, գտնում է մի հարթ տեղ, նախ աղոթքներով տիրոջից խնդրում է հաջողացնել իր ձեռնադրումը, ապա նույն գործին է հրավիրում իր կրոնակից վանականներին, սկսում է եկեղեցու շինույթյունը ու կանգնեցնում աստծո փառքի տուն` հույժ գեղեցիկ կառուցվածքով, գմբեթահարկ, եռախորոն, ամուր միացված տաշածո վեմերով, հավաքում է ավելի քան 100 միաբանների և դարձնում այն կրոնավորների տուն:  Սբ. Գրիգոր Լուսավորչի անունը կրող այս եկեղեցու շինարարությունը ավարտվել է 911թ: Այն խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառույց է: Ունի երկու մուտք` արևմուտքից և հարավից: Գլխավոր մուտքը հարավայինն է: Կառուցված է տեղական կարմրավուն բազալտից:  Վահանը իր անունով վանքը կոչում է Վահանավանք, որը օրստօրե ճոխանում է որպես բազմամարդ քաղաք: Տարիներ անց Վահանը վախճանվում և թաղվում է վանքի դռանը: Նրանից հետո շինարարությունը շարունակում է մյուս Վահանը` նրա եղբորորդին: Նա կառուցում է մեծ գավիթը, սեղանատունը, սյունասրահը /աղոթարանը/ և կավե խողովակներով ջուր է բերում մինչև վանքի դուռը:  Գավիթը ուղղանկյուն քառանկյուն հատակագծով կառույց է: Մեծ ժայռաբեկորներից կերտած երեք կամարները կանգնած են քանդակազարդ որմնախոյակների վրա: Այն ներքուսը գոտևորված է բուսակն և երկրաչափական զարդանախշեր ունեցող քիվերով: Ունի երկու մուտք`  արևելյան և հարավային կողներից: Այստեղ հանգչում են Վահան Նախաշինողի, Վաչագանի մայր Խուշուշի, Սենեքերիմ թագավորի որդի Գուրգենի, Գևորգ Պահլավունու աճյունները: Սյունասրահը նույնպես երկու մուտք ունի, որոնցից մեկը հաղորդակցվում է սեղանատան հետ: Սյունասրահի հատակը  ծածկված է տապանաքարերով: Այստեղ թաղված են Աղվանքի և Բաղքի շատ թագավորներ ու թագուհիներ, Սիսական աշխարհի բազմաթիվ փառահեղ իշխաններ, բարձրաստիճան հոգևոր հայրեր:

Որոշ տարիներ վանքի միաբանությունը ղեկավարելուց հետո Վահանը հրավիրվում է Սյունյաց եպիսկոպոսության պաշտոնին, իսկ այնտեղից էլ` հայոց կաթողիկոսության:

1086թ. Սյունյաց Գրիգոր Ա թագավորի կինը` Շահանդուխտ թագուհին, և նրա քույր Կատան գլխավոր եկեղեցուց 25-30մ հեռավորության վրա կառուցում են սբ. Աստվածածին երկհարկ եկեղեցին: Այն կառուցված է մեծամեծ կամարների վրա, կարմրավուն բազալտի սրբատաշ քարով, որով հարուստ են Վահանավանքի արրևմտյան լեռնալանջերը: Եկեղեցուն արևմուտքից կից` սարալանջի ժայռաբեկորի հարթեցրած մասի վրա կառւոցված է գավիթը: Սյունիքի պատմիչը գրում է, որ այդ ժամանակներում Վահանավանք է գալիս Աղվանքի կաթողիկոս  Տեր Ստեփանոսը և որոշ օրեր այնտեղ ապրելով, վախճանվում ու թաղվում է նույն սրբարանում: Վանքի բակում և շրջակայքում գտնվող տապանատանը կան երեք տասնյակի հասնող տապանաքարեր ու խաչքարեր: Տարածքում պահպանվել են նաև դամբարաններ/ք.ա. 13-11դդ/:

Եղել է հայտնի մշակութային կենտրոն: Ունեցել է դպրոց, որտեղ ուսանելու են եկել Սյունիքի տարբեր բնակավայրերից: Նյութապես հզոր վանական համալիր է եղել, ունեցել է սեփական գյուղեր, մեծ հողային տարածքներ:

Метки:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: