Երիցվանք


Երեվան-Կապան մայրուղու վրա` կապան քաղաքից 14կմ հեռավորության վրա գտնվող Արծվանիկ գյուղից 3կմ հարավ-արևելք` բարձրավանդակի վրա, քարափի պռնկին տարածվող մի գեղատեսիլ վայրում գտնվում է Երիցվանքը: Այն կառուցվել է 4-5-րդ դարերում` սուրբ Երիցակի ձեռքով: Վանքի շինության մասին Սյունիքի պատմիչ Ստեփանոս օրբելյանը հետևյալն է գրում. ՙ…Այս Երիցակը երկար տարիներ ապրել է Բաղք գավառում, մի քարանձավ տեղում` ապա գնացել է երանելի Գյուտի վանքը /այս վանքը գտնվում էր Երասխ/Արաքս/ գետի ափին/ և այնտեղ անտանելի ճգնությամբ անցկացրել շատ օրեր: Այնուհեըև սուրբ Տեր-Գյուտի օժանդակությամբ ու հրամանով գալով այդ տեղը` տասներկու կրոնավորներով ու հայր Գյուտի պարգևած բազմաթիվ ունեցվածքներով, շինեց եկեղեցին, որը կոչվեց Նոր Երուսաղեմ: Բայց բորոտները, որ ժամանակին քշվում էին անբնակ տեղեր, հայր Գյուտի կողմից բնակեցվել էին այդ վայրերում: Նրանք դիմադրում էին Երիցակի շինարարությանը: Սուրբ հայրը այդ լսելով եկավ, նրանց համոզեց, որ խաղաղվեն և սահմանեց համապատասխան չափով վանքից նրանց կարիքները հոգալու հնարավորություն ընձեռել: Ինքն էլ օրըստօրե մասնակցում էր շինարարությանը և կառուցողներին ճաշ էր ուղարկում: Եվ Երիցակն այսպես շինելով աստծու տուն և կանգնեցնելով փառաբանության տեղ` այն հարմարեցնում է հրեշտակակրոն մարդկանց բնակության համար… Այնտեղի վանքը գեղեցիկ էր, զարմանալի տեսքով. եկեղեցին մի բարձրադիր տեղում էր` կառուցված նույն Երիցակի ձեռքով, սուրբ Նախավկայի անվամբ, պարսպապատված մեծամեծ քարերով. պարսպից ներս կային շուրջ քառասուն խցիկներ` քուրձ հագնող լռակյաց մշտական ճգնավորներով….՚:

Երիցվանքի սուրբ Ստեփանոս Նախավկայի անունը կրող եկեղեցին խոշոր, եզակի ճարտարապետական հորինվածքով, թաղածածկ,միանավ երկարավուն դահլիճ է, գտնվում է կիսավեր վիճակում: Նույն վիճակով պահպանվել են նաև եկեղեցուն արևմուտքից կից զանգակատունը, զանգակատանը կից գավիթը, եկեղեցուն հարավից կից սրահը: Եկեղեցուց ոչ հեռու պահպանվել են մատուռի ավերակներ: Համալիրի հարավ-արևելյան եզրին ավերված վիճակում պահպանվում է 15-17դդ կառուցված մի ժայռափոր շինություն: Համալիրի շուրջ եղած պարսպից պահպանվել է միայն արևելյան պարսպապատի մի հատվածը: Վանքի հյուսիս-արևմտյան կողմում  կա քարայրերի համալիր, որոնցից մեկին տեղացիները անվանում են Ճգնավորի խուց: Վանքի հյուսիսային կողմում կա միջնադարյան մի  գերեզմանոց, որտեղ էլ թաղված է նրա հիմնադիր հայր Երիցակը:

Սուրբ Երիցակի մասին մի հետաքրքիր ավանդույթ է պահպանվել. Պատմվում է, թե նա գնալով Երուսաղեմ սուրբ քաղաքը և այնտեղ մնալով մինչև սուրբ հայտնության մեծ ճրագալույցի օրը, Բեթղեհեմում գտնվող սուրբ քարայրի դռանը մտաբերում է իր սուրբ մենաստանն ու կրոնավոր եղբայրներին, սաստիկ կարոտից դառնապես լալիս է և ցանկանում է նույն ժամին լինել իր կրոնակից եղբայրների հետ: Մի կախարդ կին դա լսելով, թերևս սուրբ հոգու ազդմամբ, հարցնում է այդ հորն ու ասում. ՙԻնձ ասա, ինչի համար ես դառնագին արտասվում՚: Եվ նա հայտնում է պատճառը: Ապա կինը խնդրում է նրան. ՙՈվ աստծու սուրբ, Քրիստոսից ներում խնդրիր իմ անչափելի հանցանքների համար, և հենց այս պահին քեզ ցույց կտամ քո փափագածը՚: Հայրը այս լսում է և, աստծու գթառատությունից համարձակություն առած ու կարոտից հարկադրված, համաձայնվում է կատարել նրա խնդրանքը: Եվ կինը մի ինչ-որ անոթ է պատրաստում` ջրով լի, իր կախարդանքով այն հարմարեցնում է ու սրբին նստեցնում վրան, որը և իսկույն հայտնվում է Երիցվանքում, եկեղեցու դռանը, երբ դեռ չէր վերջացել փրկական արարողությունը: Ապա Երիցակն իմաց չտվեց ու չերևաց կրոնավորներին, մինչև որ հավաքվեցին ճաշի: Եվ այն ժամանակ ծանոթությու տալով ողջունեց բոլորին ու անհավատալի բաներ պատմեց նրանց. ցույց տվեց հետը բերած նշանները, այսինքն` կանաչներ, նարինջներ ու թուրինջներ և դրանցով հավաստեց իր խոսքը: Ճաշելուց հետո վեր կացան, գնացին եկեղեցու դուռը և այն գիշեր ժամերգության արարողությամբ գթություն խնդրեցին այն կնոջ համար: Մարդասեր աստված լսելով` ներում շնորհեց նրան և սւորբ հորը հայտնեց տեսիլքով:

Метки:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: